Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ (մաս 1-ին)

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ (մաս 1-ին)
27.09.2016 | 12:49

Նախընտրական արշավը Վրաստանում բուռն ընթացքի մեջ է: Փողոցներում տարբեր կուսակցությունների ու թեկնածուների բաներներն ու պոստերներն են, հեռուստաալիքները լուրերի մեծ մասը նվիրում են նախընտրական արշավին և քաղաքական ուժերի՝ միմյանց ուղղված ավանդական մեղադրանքներին:


Խորհրդարանական ընտրություններից, որոնց մասնակցում են 19 կուսակցություն և քաղաքական վեց դաշինք, կախված է նոր կառավարության կազմը: Սահմանադրության համաձայն՝ լավագույն արդյունքներ ունեցող ընտրված սուբյեկտը ներկայացնում է վարչապետի թեկնածու, նոր կառավարությանը վստահություն պետք է հայտնի պատգամավորների մեծամասնությունը:
2012-ին խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անկախ Վրաստանի պատմության մեջ հանգեցրին իշխանափոխության: «Վրացական երազանք» կոալիցիան խորհրդարանում մեծամասնություն ստացավ, իսկ այդ ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միասնական շարժումը» խորհրդարանում ձևավորեց ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը: Քաղաքական ուժերի ներկա դասավորության և բարձր մրցակցության պայմաններում, քաղաքագետների մի մասի կարծիքով, մեծ է հավանականությունը, որ Վրաստանում ընտրություններից հետո կձևավորվի բազմակուսակցական խորհրդարան և կոալիցիոն կառավարություն:


Հանգի՞ստ ընտրություններ
Վրաստանի քաղաքացիները ընտրելու են 150 պատգամավորներ չորս տարով: 77 պատգամավոր կընտրվի համամասնական, 73՝ մեծամասնական ընտրակարգով: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հաղթահարեն 5- տոկոսանոց արգելքը, որ հայտնվեն խորհրդարանում, իսկ մեծամասնական թեկնածուները պետք է հավաքեն ձայների կեսից ոչ քիչ՝ առաջին փուլում հաղթելու համար: 73 մեծամասնական մանդատի համար, սեպտեմբերի 19-ի տվյալներով, պայքարելու են 850 թեկնածու: Չնայած բարձր մրցակցությանը, դիտորդների կարծիքով՝ նախընտրական իրավիճակը Վրաստանում համեմատաբար հանգիստ է: ԵԽԽՎ պատվիրակությունը, որ սեպտեմբերի 13-14-ին Վրաստանում էր նախընտրական իրավիճակը գնահատելու համար, հայտարարեց, որ քաղաքական մթնոլորտը նվազ լարված է՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ, բայց կուսակցությունները պետք է բաց դատապարտեն բռնության բոլոր ձևերը և ընդդիմախոսների հետապնդումները ընտրարշավի ընթացքում: Տեղացի դիտորդներն էլ են ասում, որ նախընտրական շրջանում չեն եղել մասշտաբային ու ծանր խախտումներ: «Ընդհանուր առմամբ՝ նախընտրական արշավը նորմալ մթնոլորտում է անցնում, թեպետ իրադարձությունների զարգացումը վերջերս, այդ թվում կուսակցությունների փոխադարձ մեղադրանքները, ռիսկեր են պարունակում, որ խաղաղ մթնոլորտը կարող է վերաճել առավել բևեռացված ու լարված պայքարի: Կարևոր է, որ պետական գերատեսչությունները գործեն, պահպանելով քաղաքական չեզոքության սկզբունքը, և յուրաքանչյուր խախտմանը համարժեք իրավական արձագանք ցույց տան»՝ ասում է Աննա Նացվլիշվիլին՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացայի նախագահը, որ ընտրությունների մոնիտորինգ է անցկացնում:


Խախտումների թվում դիտորդները նշում են ընտրողներին հնարավոր կաշառքի փաստերը, նաև միջադեպը «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուի գրասենյակում, որտեղ իշխող կուսակցությունը մեղադրել է ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներին:
«Ազգային միասնական շարժման» հասցեին, որ հարցումների համաձայն, մնում է իշխող կուսակցության գլխավոր մրցակիցը, բազմիցս են մեղադրանքներ հնչել ընտրարշավի ընթացքում: Սեպտեմբերի 14-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որ իշխող կուսակցությա նախագահն է նաև, հայտարարեց, որ իրավիճակի սրումը «Ազգային շարժման» շահերից է բխում:


«Ազգային շարժումը» ապակայունացման աղբյուր համարում է իշխող կուսակցությանը և մեղադրում է իշխանությանը իրենց ակտիվիստների նկատմամբ բռնությունները անտեսելու և խրախուսելու մեջ: Կուսակցությունը հրաժարվեց ստորագրել «Վրացական երազանքի» առաջարկած հուշագիրը հակագործողություններից հրաժարվելու մասին՝ անվանելով «իշխանությունների ցինիկ ու տհաս PR»:


«Արդար ընտրությունների ու ժողովրդավարության միջազգային ընկերության» միջնաժամկետ հաշվետվությամբ, որ ընդգրկում է օգոստոսի 8-ից սեպտեմբերի 1-ը, ընտրարշավում խախտումների վեց դեպքերից երեքում հարձակումներ են գործվել «Ազգային շարժման» գրասենյակների վրա: Երկու դեպքում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հանրային հանդիպումներն են խանգարվել: Հասարակական գործերի վրացական ինստիտուտի Իրավունքի ու քաղաքականության դպրոցի դեկան Բակուր Կվաշիլավան ասում է, որ «Ազգային շարժման» հասցեին հնչած մեղադրանքները շարունակում են «տխրահռչակ ավանդույթը», երբ իշխանությունները նախապես մեղադրում են ընդդիմությանը, որ լարվածության աճման դեպքում պատասխանատվությունը ընդդիմախոսների վրա դնեն:

«Մյուս կողմից՝ ես չեմ բացառում, որ քաղաքական կուսակցությունները Վրաստանում դեռ չեն ընկալում ժողովրդավարական գործընթացը իբրև իրականություն և դրանից ելնելով ծրագրում են իրենց ձայների պաշտպանության այլընտրանքային ճանապարհներ, եթե իրավիճակը զարգանա վատ ուղղությամբ,-ասում է Կվաշիլավան: -Չի բացառվում, որ «Պլան Բ» ունի յուրաքանչյուր կուսակցություն, և հատկապես գլխավոր ընդդիմադիրը: Դա չի նշանակում, որ դա է նրանց գլխավոր ռազմավարությունը, նշանակում է, որ այդ ռազմավարությունը կօգտագործեն, եթե օրակարգ գան զանգվածային ընտրակեղծիքներ, ընտրողներին վախեցնելու դեպքեր, կամ նման քայլեր»:

Նա նկատում է, որ առայժմ ոչինչ չի վկայում, որ իշխանությունները նախապատրաստվում են կեղծիքների, նախընտրական մթնոլորտը Վրաստանում շատ ավելի ժողովրդավարական է, քան 2012-ին:
Նինա ԱԽՄԵՏԵԼԻ, BBC


Հ.Գ. Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում հոկտեմբերի ութին են, կարդացեք ու պատկերացրեք հայկական գարունը՝ խորհրդարանական ընտրությունների տեսքով:

(շարունակելի)


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ